Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հաղպատի քարայր-ամրոցը վերածվելու է հանգստի գոտու

Հաղպատի քարայր-ամրոցը վերածվելու է հանգստի գոտու
13.12.2016 | 11:27

Լոռու մարզի Հաղպատ գյուղից արևմուտք, Դեբեդ գետի Ջաղացաջուր կոչվող վտակի բարձրադիր աջ ափին, Կայան բերդից հյուսիս գտնվող քարայր-ամրոցը վերականգնվում է և բարեկարգվում: Նախաձեռնությունը Ռուբեն Մեսրոպյանինն է: Մշակույթի նախարարությունը հաստատել է պատմական հուշարձանախմբի նորոգման, ամրակայման, բարեկարգման նախագիծը: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ընդգծելով, որ մեր իրականության մեջ առաջին անգամ վերականգնվում և բարեկարգվում է ոչ թե եկեղեցի, ինչպես հաճախ է լինում, այլ քարայր-ամրոց:

Տեղացիները պատմական այդ հուշարձանախումբը կոչում են Պարնի և Զարնի այրեր կամ Հին բերդ: Պատմական տեղեկություններով՝ վաղ շրջանում քարայրերը ծառայել են որպես պաշտպանական ամրություններ: Զարեհ իշխանը, թշնամական հարձակումների ժամանակ, այստեղ է թաքցրել Հաղպատավանքի ձեռագրերն ու հարստությունը (տարիներ անց այստեղից գտնվել են 10-15-րդ դարերի ձեռագրերի պատառիկներ): Ստորին հուշարձանի (Զարնի այր) կենտրոնական մասում է գտնվում գլխավոր մուտքը, դեպի արևմուտք՝ հսկիչ աշտարակը։ Շարված պատի հետնամասում կա բավականին ընդարձակ (605 քառակուսի մետր մակերեսով) քարանձավ։ Վերին հուշարձանը (Պարնի այր) ևս ունի պարսպապատեր և հավանաբար կառուցվել է որպես ամրոց՝ թաքստոցի նպատակով։

-Որքա՞ն է հայտնի քարայր-ամրոցը, ի՞նչ աշխատանքներ են արվում, և ի՞նչ նպատակով է շահագործվելու բարեկարգումից հետո:
-Անմատչելիության պատճառով հուշարձանախումբը անտեսված է եղել, այցելուներ չի ունեցել: Շատերի համար այս վայրն անհայտ է: Երբեմն տեղաբնակներն են այցելում այդ հրաշք պատմական միջավայր` իրենց կովերը պահելու համար: Տարածքն ամբողջությամբ բարեկարգվում է, ամրոցը կոնսերվացնում ենք, ամրակայում, ամբողջացնելն իմաստ չունի, այսօրվա իր տեսքով էլ այն շատ գեղեցիկ է: Նպատակ ունենք քարայրը հանգստի գոտի դարձնելու. զբոսաշրջիկները կարող են այստեղ սրճել, գիրք կարդալ: Կլինեն նաև գիշերակացի տեղ, ավտոկայանատեղի, սանհագույց, էլեկտրականություն: Երկրորդ հարկի համար նախատեսել ենք փայտյա աստիճաններ, բարձրանալը մի քիչ դժվար կլինի: Տարածքը փոքր է, այստեղ քնել չեն կարող: Գրադարան կլինի, հավանաբար՝ նաև Wi-Fi: Ռուբենը ազգագրական իրերի մեծ հավաքածու ունի` կարասներ, գորգեր և նմանատիպ իրեր, բարեկարգումից հետո հավաքածուն կտեղադրի քարայրերում: Տարածքը կծառայի նաև պաշտոնական հանդիսությունների, մշակութային միջոցառումների, գրքի շնորհանդեսների համար: ՈՒզում եմ շեշտել, որ խնջույքի հերթական վայր չի դառնալու, ալկոհոլն արգելվելու է: Մշակութային միջավայր կլինի, որտեղ մշտապես կհնչի դասական երաժշտություն: Ընդգրկուն իմաստով` նախագիծն ուղղված է մշակութային տուրիզմի զարգացմանը: Ասեմ նաև, որ հուշարձանախումբ տանող ճանապարհը շտկվել է, հարթեցվել, մեքենաների համար արդեն հասանելի է: Երկու տարի է՝ աշխատանքն ընթանում է, հույս ունենք, որ եկող ամռանը կավարտենք, ու զբոսաշրջիկները մուտք կունենան այստեղ:
-Դրսի՞, թե՞ ներսի զբոսաշրջիկներին կգրավի քարայրը:
-Ինձ ավելի շատ ներքին զբոսաշրջությունն է հետաքրքրում, որովհետև, եթե չենք ապահովում ներսի զբոսաշրջությունը, դրսի վրա հույս դնել առհասարակ չենք կարող: ԱՄՆ-ում Մեսա-վերդե ազգային պարկը ստեղծվել է ավերված քարայր-կացարաններից և միայն ներքին զբոսաշրջությամբ հսկայական շահույթ է ապահովում:
-Նման դեպքերում ի՞նչ դեր ունի գովազդը:
-Գովազդ կարվի, ընթացքում ցուցապաստառներ կտեղադրվեն, Հաղպատ այցելող զբոսաշրջիկները կտեղեկացվեն: Բայց, ըստ էության, սա բիզնես տարածք չէ: Չեմ կարծում, թե նախաձեռնողները կուզենային, որ մարդկանց ակտիվ հոսք լինի: Եկեղեցի չէ, խաչքարեր չկան, որ ինչ-որ բան նայելու համար մարդիկ այցելեն: Դա մի քիչ ուրիշ տուրիզմ է, ավելի շատ նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են քարայրերով, կուզենան քարայրում գիշեր անցկացնել, սուրճ խմել: Անշուշտ, վճարովի ծառայություններ էլ կլինեն, կոկա-կոլա, սուրճ, թեյ կվաճառվեն: Տարածքում Էլեկտրականություն է լինելու, պահակություն է իրականացվելու: Այդ ծախսերը կփոխհատուցվեն:
-Խմելու ջրի բնական աբյուրներ կա՞ն տարածքում:
-Այո, կան և՛ աղբյուրներ, և՛ հովանոցի նմանվող «ջրվեժիկներ»: Այն հատվածում, որտեղ ջրերը կաթկթում են, փոքրիկ ջրավազան ենք նախատեսում` շրջապատված խոնավասեր բույսերով և ծաղիկներով:
-Երբ խոսվում է սրճելու, գիշերելու մասին, հարց է առաջանում՝ այդ ամենը չի՞ ձևափոխելու միջավայրը:
-Սրճարան ասվածը ենթադրում է քարեր, կոճղեր, որոնց վրա կնստեն ու կսրճեն, հատուկ սրճարան չի լինելու: Գիշերակացի համար քարայրի որոշ հատվածներում գորգեր են փռվելու, մարդիկ իրենց քնապարկերով կգիշերեն: Պատմական միջավայրը բոլորովին չի վնասվի, մենք պահպանում ենք այն, ինչ կա:
-Տարվա ո՞ր եղանակներին է գործելու քարայրը:
-Ժամանակը ցույց կտա: Կրակարանի համար տեղ ունենք հատկացված, փայտ է վառվելու, որի մոտ մարդիկ կարող են նստել: Բայց ձմռանը դժվար կլինի, ամբողջությամբ ձոր ու ժայռ է, բոլոր կողմերից` բաց:
-Անվտանգության մասին ի՞նչ կասեք:
-Անվտանգության հարցերը լուծված են, կատարվել են քարաթափման, ամրակայման աշխատանքներ, սեյսմիկ, ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ, քարտեզագրումներ, մանրակրկիտ ճարտարապետական չափագրումներ։
-Արդեն վարձակալվա՞ծ է տարածքը:
-Պատմական հուշարձանների ցանկում է, բարերարները պատրաստվում են պետությունից երկարաժամկետ վարձակալելու:
-Իսկ եթե մշակույթի նախարարությունն ինչ-ինչ պատճառներով մերժի՞:
-Եթե մերժի, ոչինչ չի փոխվի: Հուշարձան է վերականգնվում, զբոսաշրջիկներն էլ կարող են այցելել:
-Որքան գիտեմ, սա քարայրերի բարեկարգման և նպատակային օգտագործման առաջին, բայց միակ օրինակը չէ:
-«Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության նախաձեռնությամբ բարեկարգվում են Գորիսի Սբ Հռիփսիմե եկեղեցու շրջակա քարայրերից երկուսը: Մինչև 20-րդ դարի կեսերը այդ քարայրերը բնակատեղի են եղել տեղաբնակների համար: Պատմական նամակներ կան, որտեղ մտավորականները կառավարությանը խնդրում են փոխհատուցել նոր բնակատեղի փոխադրվող մարդկանց, որ իրենց քարայրերի սրբատաշ քարերն ու դարպասները չքանդեն տանեն: Հիմա չկան այդ քարերը: Քարայրերն էլ կանգնած են փլուզման եզրին:
-Ի՞նչ նպատակով են շահագործվելու «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախաձեռնությամբ բարեկարգվող քարայրերը:
-Բանակցություններ են ընթանում: Առաջիկայում պարզ կլինի` քաղաքապետարանի ենթակայության տա՞կ են գործելու, թե՞ Մայր աթոռի: Մի դեպքում կվերածվի հանգստավայրի, մյուս դեպքում` ուխտավայրի: Երկուսն էլ նախընտրելի են:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ